«Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու»,-իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հատուկ զգուշացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդից։
Տարածած հայտարարությունում ասված է․
«Իրավապահ համակարգի հարգելի՛ սպաներ,
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ։
Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:
ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր «հրաման եք կատարել», որևէ պայմաններում չեն ընդունվելու:
Հարգանքով`
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ»։
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը ներկայացնող «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը, նշենք, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում համազգային մեծ հանրահավաք է հրավիրել, որում, անցումային կառավարության ղեկավարի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են․ որոշումն ընդունվել և հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում՝ դեկտեմբերի 2-ին: