Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ավելացրել, որ չվերականգման ենթակա օբյեկտների մեծ մասը բնակելի տներ են:
Քաղաքաշինության նախարարի փոխանցմամբ՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներ։
Այս օրերին քաղաքաշինության նախարարության կողմից աշխատանքներն են ընթանում ավելի լայն թափով: Միայն Ստեփանակերտ քաղաքից արդեն իսկ ներկայացվել է 3000 դիմում: Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ Ա. Սարգսյանը ներկայումս առաջնահերթ է համարում տանիքների և ջարդված պատուհանների վերականգման աշխատանքները, որոնք պետք է մինչև հունվար ավարտվեն:
Պատերազմի հետևանքով ավերածություններից ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն, որոնք բաղկացած կլինեն 2,3,4 սենյակներից: Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները, որպեսզի, ըստ առաջնահերթությունների, իրականացվի հաշվառում և ներկայացվի ընտանիքների կազմը:
Նշենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով նոյմեբերի 4-ին հրապարակած տվյաների համաձայն՝ սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքով՝ Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել էր 13 800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: