«Ինչքա՞ն ենք թողնելու, որ նվաստացնեն մեր պայծառ տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել»․ գերիների խնդրով ԱՄՆ Արցախի պողոտայում բողոքի ցույց է արվել - RadioVan.fm

Онлайн

«Ինչքա՞ն ենք թողնելու, որ նվաստացնեն մեր պայծառ տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել»․ գերիների խնդրով ԱՄՆ Արցախի պողոտայում բողոքի ցույց է արվել  

2020-12-03 18:45 , Общество, 1399

«Ինչքա՞ն ենք թողնելու, որ նվաստացնեն մեր պայծառ տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել»․ գերիների խնդրով ԱՄՆ Արցախի պողոտայում բողոքի ցույց է արվել

Ի աջակցություն գերության մեջ հայտնված հայ զինծառայողների՝ ԱՄՆ Գլենդել քաղաքի հայերը Արցախի պողոտայում դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են իրականացրել։ Մեկնարկին հնչել է ՀՀ օրհներգը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը։

«Իմ գլխավոր նպատակն այն է, որ զբաղվեն մեր գերիներով ու ռազմագերիներով։ Ոնց հասկանում եմ՝ իրենց համար ոչ մի երեխայի կյանքը ոչ մի կոպեկի արժեք չունի։ Պետք է ամբողջ հայությունը ոտքի կանգի, քանի որ իշխանության համար, երևի, մեկ են այդ երեխաները, իրանք, կոպիտ ասած, մատաղ են արել նրանց»,-նշել է մասնակիցներից Նարի Հարությունյանը։

Երգչուհի Աննա Աղաջանյանն էլ՝ Անչոկը, շեշտել է՝ իրենք պարտադրում են, որ ետ վերադարձնեն մեր գերիներին։

«Չենք էլ իմանում, թե ոնց ենք վերադարձնելու, ինչքա՞ն ենք թողնելու, որ նվաստացնեն մեր պայծառ տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել։ Ամբողջ աշխարհն է ասում՝ հայ զինվորը ոնց է կռվել»,-իր հերթին նշել է երգչուհի Մարգարիտա Խլղաթյանը։

Գեղանկարիչ, ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանն էլ իր ելույթում նշել է, որ դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրերին ինքը ասել է, որ նա եկել է հողերը հանձնելու, ինչի հետևանքով արժանացել է «ֆեյքերի» հարձակումներին։

«Երբ հասան Շուշիի մատույցներ, ես սպասում էի, որ վայրկյան առաջ պիտի հակահարձակում տեղի ունենա, որովհետեւ անօդաչուներն այդտեղ այլեւս չէին կարող աշխատել, իսկ մերոնք անզուգական են այդ վայրերում: Եվ Փաշինյանը տեսնելով, որ մենք կարող ենք հակահարձակման անցնել եւ հաղթանակ արձանագրել, միտումնավոր մեզ տարան պարտության: Եվ նա մինչեւ հիմա բազմած է այդ աթոռին: Ես չգիտեմ՝ էլ ինչե՞ր է նա խոստացել: Մի գուցե Սյունի՞քն էլ է խոստացել»,-ընդգծել է ազատամարտիկը։

Գլենդելահայեր Արթուր Սահակյանի և Արմեն Բարսեղյանի կազմակերպած ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած և նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած հայտարարությունից, ըստ որի Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը, Ղարաբաղում էլ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, շուրջ 23 օր է անցել, բայց մինչ այս պահը հայ ռազմագերիների վերադարձի առնչությամբ որևէ լուր չկա։ Օրերս Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարեց, որ Գերիների և պատանդների փոխանակման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին»։ Երեկ՝ դեկտեմբերի 2-ին էլ, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնը նշեց, թե գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Թե, մասնավորապես, ինչ է ենթադրում այդ սկզբունքը՝ որևէ պարզաբանում դեռ չի տրվել։

Հավելենք, որ հստակ տվյալներ չկան նաև գերիների թվի վերաբերյալ, սակայն, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանի, նրա աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ։

Խնդրով մտահոգ մի շարք մտավորականներ վերջին օրերին Երևանում բողոքի ակցիա-միաբանության երթ էին անցկացնում՝ դեպի ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու խնդրանքով նամակներ հանձնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներ:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), ի պատասխան ստացված բազմաթիվ դիմումների, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Օպերատոր՝ Էդվարդ Սեդրակյան

Лента

Рекомендуем посмотреть