Արցախում ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում պաշտպանության նախարարության (ՊՆ), կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արձակուրդ տրամադրել «դժոխքի միջով» անցած իրենց զավակներին, նրանց վերադարձնել ծառայության ՀՀ տարածք, այսօր ևս կառավարության շենքի առջև էին։
Ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյան-Դալլաքյանը գործադիրի շենքի մոտ էր հրավիրել մյուս ծնողներին՝ ասելու, որ դադարեցնում են բողոքի ակցիաները։
Լրագրողներիս հետ զրույցում տիկին Հարոյան-Դալլաքյանն ասաց, որ նախօրեին հերթական հանդիպումն են ունեցել ՊՆ-ում, որը, նրա գնահատմամբ, արդյունավետ էր։
«Նախարարությունը պատրաստակամություն հայտնեց մեզ հետ համագործակցել և հանդիպումները շարունակական դարձնել։ Լայնածավալ տեղեկատվություն տրամադրվեց առկա իրավիճակի, մեր բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքների մասին»,-ասաց զինծառայողի մայրը՝ շեշտելով, որ իրենց նպատակն էր պարզել ժամկետային զինծառայողների կարգավիճակը Արցախում, քանի որ մտավախություններ ունեին Լաչինի ճանապարհի անվտանգության և այլ հարցերի առնչությամբ։
«Երեկ մեզ տվեցին զինծառայողների անվտանգության երաշխիքներ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց գերագույն նպատակը իրենց զավակներին Արցախից հանելը չէ։
«Մենք ոչ մի տարբերություն չենք դնում Արցախի և Հայաստանի միջև, կարևորը, որ զինվորը ապահովված լինի ծառայության նորմալ պայմաններով և անվտանգության երաշխիք ունենա։ Քանի որ Արցախում այս աղետալի պատերազմից հետո պարզապես այդ երաշխիքները չկային, ոչինչ հասկանալի չէր՝ այդ պնդումը կար»,-ասաց Լուսինե Հարոյան-Դալլաքյանը։
Բանակի և երկրի անվտանգության նկատառումներից ելնելով` նա չցանկացավ պաշտպանական գերատեսչությունում կայացած հանդիպումից այլ մանրամասներ փոխանցել, շեշտեց, որ շարունակելու են համագործակցել ՊՆ-ի հետ, օրենսդիրներին առաջարկներ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն այս օրերին բողոքում էին ոչ միայն զինվորներին հանգիստ չտրամադրելու փաստից, այլև՝ պատերազմում վիրավորված և լիարժեք չապաքինվածներին կրկին ծառայության վերադարձնելու հանգամանքից։
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ դեկտեմբերի 1-ից զինվորներին հանգստի հնարավորություն կտրվի։
Այսօր տարածած հաղորդագրությամբ էլ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է՝ պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը մեկնարկել է, նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան