Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրով Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Հարությունյանի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։
«Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Իսկ այսօր կայացած հանդիպման ժամանակ ես նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ փոխանցել տիկին Թանդիլյանին՝ ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական այս ծանր ժամակաշրջանում աշխատանքի առաջարկն ընդունելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ընդհատել է բուժումը և տեղափոխվել է Արցախ՝ ապրեցնելու այն։ Նա, միաժամանակ, նշել էր, որ սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Արցախի նախագահին, տեղեկացրել, որ որոշել է տեղափոխվել Արցախ և պատրաստ է օգնելու Արցախի ժողովրդին ուժերի ներածի չափով, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն։