Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն - RadioVan.fm

Онлайн

Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

2020-12-02 13:26 , Политика, 1110

Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) ՌԴ դեսպանատունը:

«Դեսպանատունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:

Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:

Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:

Կոնտակտային տվյալներ`

ք. Երևան, Ուլնեցու 56/5

“Թեժ գծի” հեռախոսահամար – 81-35»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Հավելենք՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ իրենք ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների ու աճյունների փոխանակման հարցում կանխամտածված ձգձգման միտում չեն նկատում, ընդգծել է, որ իրենք շահագրգռված են, որ այդ մարդասիրական խնդիրը լուծվի հնարավորինս արագ:

Лента

Рекомендуем посмотреть