«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող») ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ:
«Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այս ասածից համար ներողություն եմ խնդրում բոլորից, սկսած իմ մամայից և Շվեյցարիայում բնակվող իմ որդուց, վերջացած իմ գաղափարական, և ոչ միայն գաղափարական ընկերներով:
Ասեմ նաև, հասկանում եմ, որ սա փիառ կարող է դիտարկվել, և ոչ միայն փիառ այլ նաև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների: Ըստ երևույթի մեր հասարակության ներկայիս վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բարոյական կոնտեքստում դիտարկել, որքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Որովհետև հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային: Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիյելյանս, խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ»,- գրել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ գերիների և պատանդների փոխանակման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին»:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների ու աճյունների փոխանակման հարցում կանխամտածված ձգձգման միտում չի նկատում: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ գործընթացում առաջընթացի օբյեկտիվ դժվարություններ կան՝ տեղանքը, ռազմական գործողությունների բնույթը, ինչպես նաև անհայտ կորածների հստակ ցուցակների բացակայությունը: