Ադրբեջանը վերահաստատել է Հայաստանի հետ գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելու մտադրությունը: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի՝ այսօր տարածած հայտարարությունում:
«Գերիների և պատանդների փոխանակման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին»,- ասված հաղոդագրությունում, որում նշվում է, որ Հանձնաժողովը շփման մեջ է Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ մարտական գոտում անհետացած զինծառայողների հետ կապված հարցերով:
Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը միաժամանակ հերքել է, թե վերջին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Բաքվում կայանալիք ռազմական շքերթին «ցուցադրվելու են հայ գերիները»։
«Հայկական սոցիալական ցանցերում կեղծ լուրեր են տարածվում այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության հաղթանակի կապակցությամբ կայանալիք ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն հայ գերիները և նրանց նկատմամբ կցուցաբերվի անմարդկային վերաբերմունք։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: Մենք հայտարարում ենք, որ ռազմագերիների ցուցադրումը և նվաստացումը ադրբեջանական ժողովրդին և մեր հաղթական բանակին բնորոշ չէ»,-նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, թե ստացված լուրերի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Պատգամավորը նշել է, որ խնդրով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փեթեր Մաուրերին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։
Խնդրով մտահոգ մի շարք մտավորականներ վերջին օրերին բողոքի ակցիա-միաբանության երթ են անցկացնում՝ դեպի ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ: Նրանք հայ գերիներին հայրենիք վերադարձնելու խնդրանքով նամակ են հանձնել Ռուսաստանի, Ֆրանսիայի, այսօր էլ՝ ԱՄՆ դեսպանատներ: