Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը, ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է՝ «Շալակեց քրեական օրենսգրքի ևս մի քանի հոդված»:
Մեկ այլ գրառմամբ փաստաբանը մանրամասել է.
«Հոդված 332.
Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
2. ...
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է, մասնավորապես հարցի՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,-ներկաներին հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանը: