«Իմ քայլ»-ի հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլ»-ի հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից

2020-12-01 17:22 , Политика, 1011

«Իմ քայլ»-ի հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով  Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում է կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` շարունակելով գործել որպես անկախ պատգամավոր։

Պատգամավորի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:

Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով:

Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էին Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը։ Գայանե Աբրահամյանն, առհասարակ վայր դրեց պատգամավորական մանդատը, Թագուհի Թովմասյանը ներկայում գործում է որպես անկախ պատգամավոր, իսկ Լուսինե Բադալյանը, որը հետպատերազմյան շրջանում ստեղծված անորոշ իրավիճակում հայտարարել էր, որ եթե «Իմ քայլը» հենց այդ պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի՝ ինքը վայր կդնի մանդատը, շարունակում է գործել որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Лента

Рекомендуем посмотреть