Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հորդորով ՀՀ կառավարության շենքի առջև արդեն մի քանի օր հացադուլ հայտարարած 4 քաղաքացիները դադարեցրել են այն։
Հիշեցնենք՝ 9 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Նա նշել էր, որ իբրև ՀՀ քաղաքացի, մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով։ Նա նշել էր, որ, բացի այդ, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ «արձանագրված չի ԼՂ նախկին ինքնավար մարզը ինչպես է լինելու, Հադրութը, նույն Քարին տակը ինչպես են լինելու։
«Այդ մարդը՝ գլուխը կախ, ինչպե՞ս կարող է բանակցել»,-տարակուսել էր նա։
Գեղամ Մանուկյանին միացել էր նաև Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ովքեր մինչ այս արդեն դադարեցրել էին հացադուլը։
Մյուս հացադուլավորները՝ Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը, 77-ամյա թոշակառու Ֆելիքս Պետրոսյանը, որի թոռնիկն է զոհվել արցախյան պատերազմում, և «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը։ Այսօր, սակայն, Գարեգին Երկրորդի հորդորով նրանք ևս դադարեցրին այն՝ հայտնելով, որ իրենց պայքարը շարունակական է լինելու:
«Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։
Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորակացության եւ սրտացավության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը։