«Ինքը դեռ բուժման կարիք ունի, սապոգներ չի հագել, լաթերով էս ձմռանը տարել են Ասկերան»․ 19-ամյա զինվորի մայրը ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

«Ինքը դեռ բուժման կարիք ունի, սապոգներ չի հագել, լաթերով էս ձմռանը տարել են Ասկերան»․ 19-ամյա զինվորի մայրը ահազանգում է

2020-11-30 20:35 , Общество, 1545

«Ինքը դեռ բուժման կարիք ունի, սապոգներ չի հագել, լաթերով էս ձմռանը տարել են Ասկերան»․ 19-ամյա զինվորի մայրը ահազանգում է

«Կիսատ-պռատներին ու՞ր են տանում, այդ հոգեվիճակում ոչ մի զինվոր չի կարող սահմանին կանգնել»,-19-ամյա զինծառայող Մեսրոպ Գևորգյանի մայրը բարձրաձայնում է՝ արցախյան պատերազմում վիրավորված որդուն, որը դեռ լիարժեք չի ապաքինվել, վերադարձրել են զինծառայության։

«Ինքը սապոգներ չի հագել, իրան տվել են զինվորական շոր, բուշլատ, լաթերով էս ձմռանը տարել են Ասկերան»,-Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմեց տիկին Նունեն՝ ընդգծելով, որ իր որդին նաև հոգեբանական ծանր վիճակում է, որի հետևանքով կարող է ոչ միայն վնասել իրեն, այլև՝ ուրիշներին։

Տիկին Նունեն խնդրով դիմել է պատկան մարմիններին, նրան ասվել է, որ պատասխանը կտրվի 1-2 ամիս անց միայն։ Մինչդեռ, մոր խոսքով, ամեն րոպե կարող է ամեն բան պատահել։

«Այդ հոգեվիճակում ոչ մի զինվոր չի կարող սահմանին կանգնել, էդ կիսատ երեխե՞քն են պաշտպանելու, որ մենք հանգիստ քնենք»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, որպես մայր՝ դեմ չէ, որ իր որդին շարունակի ծառայությունը, բայց լիարժեք ապաքինումից հետո միայն։

Հեռախոսազրույցի մանրամասները՝ աուդիոնյութում։

Նշենք՝ «Ռադիո Վան»-ը վիրավոր զինծառայող Մեսրոպ Գևորգյանին հանդիպել էր պատերազմի օրերին հիվանդանոցի վերածված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Բուժման գործընթացում գտնվող ժամկետային զինծառայողը մեզ հետ զրույցում վիրավորվելու հանգամանքների մասին ոչինչ չէր ցանկացել պատմել՝ նշելով, որ իր հետ պատահածի մասին ոչինչ չի ուզում հիշել, սակայն հիշում է բոլորին՝ իր աչքի առաջ հերոսաբար զոհված ընկերներին, նրանց, ովքեր հակառակորդի հրթիռահրետանային հարվածների հետևանքով կորցրել են ձեռքը, ոտքը, նրանց, ովքեր այդ րոպեներին էլ պայքար էին մղում։

Այս օրերին ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով իրենց որդիներին արձակուրդ տրամադրել: Նրանց խոսքով՝ դժոխքի միջով անցած երեխաները բուժման ու հանգստի կարիք ունեն: Ծնողների պահանջներից է նաև իրենց որդիներին հետագա ծառայության ընթացքը կազմակերպել ՀՀ տարածքում:

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպման վստահեցրել է, որ վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից զինվորներին հանգստի հնարավորություն կտրվի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть