«Րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին, այս հարցն է այսօր հրատապ»․ մտավորականները գերիների խնդրով նամակ են փոխանցել Ֆրանսիայի դեսպանատուն - RadioVan.fm

Онлайн

«Րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին, այս հարցն է այսօր հրատապ»․ մտավորականները գերիների խնդրով նամակ են փոխանցել Ֆրանսիայի դեսպանատուն  

2020-11-30 19:37 , Общество, 1202

«Րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին, այս հարցն է այսօր հրատապ»․ մտավորականները գերիների խնդրով նամակ են փոխանցել Ֆրանսիայի դեսպանատուն

«Հավաքվել ենք գերի ընկած, անհայտ կորած երեխաների համար, պետք է էդ հարցին լուծում տանք, մեղք են նրանց ծնողները, էդ մարդիկ օդից կախված՝ ոչ քնում են, ոչ ցերեկ ունեն, ոչ գիշեր։ Պետք է մի պատասխան լինի, որ այդ մարդիկ գոնե հանգստանան։ Բոլորիս համար դա մեծ ցավ է, բոլորս էլ չենք կարող հանգիստ քնել, դիմենք միջազգային կառույցներին՝ տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը մեկն էր Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքված մշակույթի գործիչներից, որոնք այսօր երրորդ օրն է՝ ի աջակցություն գերեվարված և անհետ կորած հայ զինվորականների՝ բողոքի հավաք-միաբանության երթ են անցկանցում:

«Շատ հրատապ հարցեր կան երկրի առջև, բայց մենք այսօր չենք ուզում բարձրացնել քաղաքական որևէ հարց՝ կգնա այս իշխանությունը, չի գնա, այսօր րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին, այս հարցն է այսօր հրատապ»,-շեշտեց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ շեշտելով, որ, որպեսզի իրենց գործողությունները համակարգված լինի և որևէ մեկին չվնասի՝ համագործակցում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ նեկայացուցչի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ մտահոգ լինելով տարածվող լուրերով, թե Ադրբեջանը ծրագրում է հաղթանակի շքերթ իրականացնել, որին պատրաստվում է քայլերթի հանել հայ գերիներին՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը հայտարարեցին միջազգային կառույցներից հայ գերիներին պատվազրկել թույլ չտալու, նրանց օր առաջ հայրենիք վերադարձնելու պահանջով հավաքներ կազմակերպելու մասին։ Նոյեմբերի 28-ին կայացած հավաքից հետո մտավորականները երեկվանից միաբանության երթ են անցկացնում դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ՝ պահանջելով ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձի համար: Երեկ նամակ է հանձնվել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, այսօր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, վաղն էլ պլանավորվում է նույնաբովանդակ նամակ հանձնել ԱՄՆ դեսպանատուն, որից հետո կգնան նաև կառավարության շենք։

Այլ երկրներում ապրող հայերը Թոխատյանին փոխանցել են, որ նման նամակներ հանձնել են Իսպանիայի, Իտալիայի, Լիտվիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարություններին։ Նա խնդրեց բոլորին նաև անձնական նամակներ հղել միջազգային կազմակերպություններին, որոնք որևէ առնչություն ունեն այդ խնդրի հետ։

Ի պատասխան հարցին, թե ՀՀ կառավարությունից ինչ ակնկալիք ունեն՝ Հրանտ Թոխատյանն ասաց, որ ուզում են ստանալ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է անում կառավարությունը գերիների խնդրին լուծում տալու ուղղությամբ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть