Դեկտեմբերի 1-ից զինվորներին հանգստի հնարավորություն կտրվի. նախարարը զինծառայողների հարազատներին վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

Դեկտեմբերի 1-ից զինվորներին հանգստի հնարավորություն կտրվի. նախարարը զինծառայողների հարազատներին վստահեցրել է

2020-11-28 23:34 , Общество, 1716

Դեկտեմբերի 1-ից զինվորներին հանգստի հնարավորություն կտրվի. նախարարը զինծառայողների հարազատներին վստահեցրել է

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-մանրամասնում են պաշտպանական գերատեսչությունից։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա ՊՆ-ից վստահեցնում են՝ հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

Նշենք՝ այս օրերին ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները բողոքի ակցիաներ էին անում ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով իրենց որդիներին արձակուրդ տրամադրել: Նրանց խոսքով՝ դժոխքի միջով անցած երեխաները բուժման ու հանգստի կարիք ունեն: Ծնողների պահանջներից է նաև իրենց որդիներին հետագա ծառայության ընթացքը ՀՀ տարածքում կազմակերպելը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 16-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցներին արձակուրդ տրամադրելու համար:

Ի դեպ՝ մինչ սեպտեմբերի 27-ը սանձազերծված պատերազմը՝ դեռ փետրվարի 25-ից զինվորների արձակուրդներն ու ազատ արձակումներն արգելված էին կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր կանխելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть