ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։
«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։
Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։
Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանը հղած տեսաուղերձում անդրադառնալով ՀՀ պետական սահմանների շուրջ այս օրերին իրարամերժ հայտարարություններով տեղի ունեցողին, նշել է, որ այն նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է:
«Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:
Եւ, ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է և ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: և ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել»,-ընդգծել է նա:
Երեկ երեկոյան էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադառնալով շրջանառվող լուրին, ըստ որի, իբրև, Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին, ապատեղեկատվություն է որակել այն: