Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից:
Այդ մասին Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակին, լիազոր մարմինների անելիքներին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծելո է, որ պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ.
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աջակցող գործառույթ է կատարում՝ տվյալների հավաքագրման ու տարբեր մարմինների աշխատանքներին աջակցելու ուղղությամբ:
Արցախի ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը դիտավորյալ ու հանցավոր կերպով ձգձգում է գործընթացները՝ միաժամանակ անընդհատ հրապարակելով հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող նորանոր տեսանյութեր՝ նպատակ ունենալով խորացնել հայկական հասարակության ներքին լարվածությունը և տառապանքները: Այս համատեքստում Արտակ Բեգլարյանը գերիների ու անհայտ կորածների հարազատներին, լրատվամիջոցներին հորդորել է զգույշ լինել նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս, որպեսզի հանկարծ չվնասեն նրանց որոնման ու փրկության աշխատանքներին:
Քնարկման մանրամասներին, որին մասնակցել է նաև Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ծանոթացեք տեսանյութում: