Չնայած պատերազմի արհավիրքին՝ ուղենիշը միջինում 10 տոկոս տնտեսական աճն է. էկոնոմիկայի նորանշանակ նախարար - RadioVan.fm

Онлайн

Չնայած պատերազմի արհավիրքին՝ ուղենիշը միջինում 10 տոկոս տնտեսական աճն է. էկոնոմիկայի նորանշանակ նախարար

2020-11-27 22:48 , Политика, 1157

Չնայած պատերազմի արհավիրքին՝ ուղենիշը միջինում 10 տոկոս տնտեսական աճն է. էկոնոմիկայի նորանշանակ նախարար

«Կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը: «Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,-այդ մասին վարչապետի գլխավորությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին հետ հանդիպում-ծանոթությանն ասել է նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել.

«Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»:

Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նշենք՝ «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախօրեին ստորագրած հրամանագրով:

Лента

Рекомендуем посмотреть