ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանրությանը հղած ուղերձում պնդեց, որ պատերազմի մեկնարկին և հընթացս տեղի ունեցած իր բոլոր ելույթներում պատերազմի մասին ասել է ամեն ինչ, ասել է մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով և ձևերով, ասել է այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար:
«Պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի և Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձևավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ:
Այո՝ ասվել է նաև մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողությունները ընթացել են Սոթքից մինչև Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եմ այդ ողջ ծրագիծը:
Սոթքից մինչև Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, և մինչև պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչև պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչև վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչև վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչև վերջ պահել է առաջնագիծը և վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:
Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաև նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետև այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: և այդ մինչև 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաև հայրենիքի պարտքն էր:
Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իր տիկնոջն են թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը:
«Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: մբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եվ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:
Բայց սա չէ ասելիքիս բուն իմաստը, ասելիքիս բուն իմաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով: Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել և փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին և նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչև վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը»,-նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ՝ որպես հիմնավորում նշելով, թե պատերազմի ընթացքում կառավարությունը և ինքը սխալ տեղեկություններ են փոխանցել հանրությանը:
Հավելենք, որ իր տեսաուղերձում ՀՀ վարչապետն անդրադարձել է, նաև նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացներին՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, իսկ այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: