ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մեկնաբանություն է տարածել, որում ասված է.
«Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:
Երեկ, հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Շաքե Իսայանը և Թագուհի Թովմասյանը ահազանգել էին թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և Սոթքի ոսկու հանքավայրի տարածք հասնելու մասին: Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանքավայր ներխուժելու և աշխատակիցներից տարածքը ազատել պահանջելու վերաբերյալ լուրերը ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարչապետի մամուլի խոսնակը հերքել էին: Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ, սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։ Այնուհետ, իրավիճակի շուրջ պաշտպանական գերատեսչությունում հրավիրված մամլո ասուլիսում պարզաբանում ներկայացրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ՝ ադրբեջանական վերահսկողության տարածքում է: