Փարիզը չի ճանաչում Ղարաբաղի «ինքնահռչակ հանրապետությունը». Ֆրանսիայի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Փարիզը չի ճանաչում Ղարաբաղի «ինքնահռչակ հանրապետությունը». Ֆրանսիայի ԱԳՆ

2020-11-27 12:52 , Политика, 1260

 Փարիզը չի ճանաչում Ղարաբաղի «ինքնահռչակ հանրապետությունը». Ֆրանսիայի ԱԳՆ

Պաշտոնական Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «ինքնահռչակ հանրապետությունը»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր մեր պարտականությունն է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցային ճանապարհով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության՝ նախօրեին տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նաև ասվում է, որ ներկայում Ֆրանսիայի առաջնահերթությունը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։

Ֆրանսիան, ինչպես ընդգծել է նախարարությունը, «լիովին վճռական է հասնելու հակամարտության տևական կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջները և կշարունակի անել անհրաժեշտ ամեն բան՝ Հարավային Կովկասում իրադրության կայունացման համար»։

«Փարիզը կպահպանի իր հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության ներքո` առաջ շարժվելով բոլոր այն չափորոշիչներով, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն հրադադարի մասին համաձայնագրից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, մասնավորապես, օտարերկրյա վարձկանների և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասով»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Բանաձևի ընդունումը ողջունել են Հայաստանը, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը այն համարձակ դիրքորոշում է որակել, իսկ Ադրբեջանը քննադատել է այն։

Ադրբեջանի խորհրդարանը, հայտարարելով, որ Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը, կոչ է արել երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, որի միջոցով բողոքի նոտա հղվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով:

Лента

Рекомендуем посмотреть