Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) և բողոքի նոտա հղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նրա հետ հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։
Ֆրանսիայի Սենատի՝ բանաձևի ընդունումը ողջունել են Հայաստանը, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը այն համարձակ դիրքորոշում է որակել, իսկ Ադրբեջանը քննադատել է այն։
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։
«Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,-ընդգծել է Ադրբեջանի Միլի մեջլիսը՝ այսօր ընդունած հայտարարության մեջ։