Սահմանազատման եռակողմ աշխատանքներ են ընթանում, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի հատվածում. ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Սահմանազատման եռակողմ աշխատանքներ են ընթանում, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի հատվածում. ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

2020-11-26 21:38 , Политика, 1053

Սահմանազատման եռակողմ աշխատանքներ են ընթանում, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի հատվածում. ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ ստորև.

«Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»։

Նշենք՝ այսօր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Շաքե Իսայանը և Թագուհի Թովմասյանը ահազանգել էին թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և Սոթքի ոսկու հանքավայրի տարածք հասնելու մասին: Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանքավայր ներխուժելու և աշխատակիցներից տարածքը ազատել պահանջելու վերաբերյալ լուրերը ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարչապետի մամուլի խոսնակը հերքել էին:

Лента

Рекомендуем посмотреть