ՀՀ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրել է 300 հազար բնակչի հաշվարկով. նախարար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրել է 300 հազար բնակչի հաշվարկով. նախարար

2020-11-26 14:49 , Политика, 1364

ՀՀ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրել է 300 հազար բնակչի հաշվարկով. նախարար

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով մանրամասներ պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ:

«Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով:

Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,-ասաց նախարարը, որի խոսքով պատվաստանյութը 600 հազար դոզա՝ 300 հազար բնակչի չափով, հետագայում կավելացվի ըստ անհրաժեշտության:

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութի շահառուները լինելու են հատուկ խմբերը՝ քրոնիկական հիվանդություն ունեցողները, տարեցները, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլք:

Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4383 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1785 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28+6 դեպք, առողջացել է 2142 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 26-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130 870 դեպք է հաստատվել, որոնցից 103 055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 228 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 498 951 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть