Արցախահայությանն աջակցելու նպատակով այս պահին ՀՀ կառավարությունը 2 ծրագիր է հաստատել:
Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով հաստատված ծրագրերը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ 68 հազար դրամ ստանալու դիմում է ներկայացրել արդեն 30 հազար քաղաքացի, և այսօրվանից արդեն «Հայփոստի» և «Արցախփոստի» միջոցով վճարումները կիրականացվեն:
Ըստ նրա՝ այսօր աջակցություն կստանա մոտ 3000 քաղաքացի, հետագայում յուրաքանչյուր օր, հնարավոր է, ստացողների թիվը մեծանա, քանի որ դիմումների հոսքը շարունակվում է: Նախարարության գնահատականով՝ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի:
Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին 300 հազար դրամի չափով:
Վարչապետ Նիոկլ Փաշինյանը հստակեցրեց՝ միջոցառման շահառումները անձինք են, ոչ թե ընտանիքները, այսինքն, նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ ընդունված երկու միջոցառումների շահառու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արդբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումների վերաբերյալ որոշում է ընդունել, որի համաձայն՝ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող արցախցիները, որոնք մինչև սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այդ բնակավայրերում, միանվագ դրամական օգնություն կստանան՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։