Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը հայ ժողովրդի վրա կուտակված ցավի և տխրության ամպերի մեջ հույսի և ոգևորության ճառագայթ է համարում:
Վեհափառը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ հետեւեցայ Ֆրանսայի Ծերակոյտէն ներս Արցախի Հանրապետութեան ճանաչման գծով արտասանուած խօսքերուն ու ապա՝ միաձայնութեամբ որդեգրուած բանաձեւին։ Հազա՜ր պատիւ Ֆրանսային, ժողովուրդին կամքը ներկայացնող Ծերակոյտին։
Կը յուսամ ու կը մաղթեմ, որ այլ երկիրներ եւս հետեւին Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։
Ցաւի ու տխրութեան ամպերով կուտակուած հայ ժողովուրդին կեանքի երկինքին վրայ, յոյսի ու ոգեւորութեան ճառագայթ մըն է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը»։
Հիշեցնենք՝ այսօր, Երևանի ժամանակով 19:30-ին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի քննարկումը: Քննարկման արդյունքում բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների՝ ի դեմս սենատորներ Բրունո Ռետայոնի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի և Գիլյոմ Գոնտարդի կողմից, ընդունվեց 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
-առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
-դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
-պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
-Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունելով Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա», հույս է հայտնել, որ այդ որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ կարևորագույն քայլ է որակել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: