Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան հրապարակումից տեղեկանում ենք, որ շրջանում կամավորների աջակցության կարիք կա։
«Սիրելի՛ կամավորներ
Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝
մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և բեռնաթափման հարցում։
Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից այդ աշխատանքների համար ձեզ կտրամադրվի սահմանված որոշակի գումար։
Եթե կգտնվեն ցանկացողներ,խնդրում ենք գրել անձնական նամակ, կամ զանգահարել 047752222 , հեռախոսահամարով։
Շնորհակալություն»,-ասված է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նշենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը Ադրբեջանի Հանրապետությանը պետք է տա Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ կառավարության հրապարակած ցանկի, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում Քաշաթաղի/Լաչինի ավելի քան 52 բնակավայր:
Մինչ այդ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, այսօրվանից էլ՝ Քարվաճառի շրջանը: