Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:
Այդ մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակից:
Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ:
«Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաև աշխատել են Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով տառապող հիվանդների բուժմանը»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը՝ Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) շնորհակալություն հայտնելով համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար:
Հաղորդվում է, որ առաջիկա ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում։ Խումբը կաջակցի Առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։
Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4198 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1563 նոր դեպք, արձանագրվել է մահվան 38+6 դեպք, առողջացել է 1969 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ նոյեմբերի 25-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129 085 դեպք է հաստատվել, որոնցից 100 913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 619 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 494 568 թեստավորում: