«Չարեքտար գյուղը չի հանձնվում։ Բայց մեր կառավարության կողմից կազմած ցուցակում, երևի Աղդամի գյուղերի խայտառակ պատմությունից հետո, նշված ա: Գյուղացիներն էլ, ցուցակը տեսնելուց հետո, սկսել են պատրաստվել տեղահանման, վառել իրենց տները, կառուցվող ահռելի դպրոցի կտուրը սկսել ապամոնտաժել և այլն: Հետո պարզվել ա, որ գյուղը չի հանձնվում։ Նույնը, որքան որ կարելի է հասկանալ, Ականաբերդ գյուղի պարագայում ա»,-այդ մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Մելիքսեթյանը՝ տարակուսելով՝ ո՞վ է պատասխանելու մի ամբողջ գյուղի տների հրկիզման համար, գույքի կորստի և այլն։
«Երևի կրթության նախարարն էր մեղավոր, կա՞մ տնտեսության, որ պաշտոնից հանվել են։ Կամ գյուղացիք ե՞ն մեղավոր:...Արդեն նորմալ արտահայտություններ չեն մնում, ուղղակի նայում ես ու փորձում հասկանալ, էլ սրանից էն կողմ հնարավոր էր ընկնել, ու ամեն անգամ նոր ապշեցուցիչ «բարձրունքներ»…»,-գրել է նա:
Նշենք՝ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը ներառված է ՀՀ կառավարության հրապարակած՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արդբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկում: