Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր ևս հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
«Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը»,-փոխանցում են Փաշինյանի աշխատակազմից:
Նշենք՝ վարչապետ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ընդունել էր կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող անհայտ կորած զինծառայողների հարազատներին:
«Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:
Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում:
Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա»,-ասել էր Փաշինյանը՝ անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկելով ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում: