Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին և Սարգսյան ընտանիքին՝ տիկին Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«․․․Հոգելույս տիկին Ռիտա Սարգսյանը բարի սրտով, ազնիվ նկարագրով, անկեղծ հավատքով տոգորված ազգասեր հայուհի էր, հոգատար կին և մայր, մեր ժողովրդի նվիրյալ զավակ։ Նա զորակից ու աջակից եղավ Ձեզ Ձեր պատասխանատու առաքելության մեջ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, Ձեզ հետ ամբողջապես կիսեց դժվարությունները արցախյան պատերազմի, ուրախացավ մեր ժողովրդի հաջողություններով, միշտ ջանաց իր կարելին ներդնել` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարգավաճման։
…Հոգելույս տիկին Ռիտան իր պարզ ու անմիջական էության մեջ մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր։ Նա ապրում էր իր ինքնաբուխ հանձնառություններով, որոնք համարում էր իր հոգու պարտքը Տիրոջ ու մեր ժողովրդի առջև։ Այդ առաքելությունը լուսահոգի տիկին Ռիտան իրագործում էր աննվազ հետևողականությամբ՝ իր երկրավոր կյանքի ընթացքը պսակելով աստվածահաճո գործերով, որոնց բեղուն վաստակով փոխադրվեց հավիտենություն», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական նամակում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։
Հիշեցնենք՝ 58-ամյա Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 16-ին նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել էր Covid-19: Նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկին Սարգսյանի առողջական վիճակը, սակայն վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ երրորդ նախագահի տիկնոջ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքին ավելի վաղ ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով տիկին Ռիտա Սարգսյանի՝ որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կարևոր դերակատարումը արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում: Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցագրեր են հղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: