Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ վաճառող փոքրիկ Վահեին, ով ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,-ասված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։
Օրերս հաղորդվեց, որ որոշում է կայացվել դրամահավաքի միջոցներից օժանդակություն տրամադրել ՀՀ բյուջեին: