«Եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը դիերը կսկսեն փտել». ԿԽՄԿ ղեկավարը՝ ԼՂ-ում որոնողական աշխատանքների բարդությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը դիերը կսկսեն փտել». ԿԽՄԿ ղեկավարը՝ ԼՂ-ում որոնողական աշխատանքների բարդությունների մասին

2020-11-24 15:58 , Общество, 1152

«Եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը դիերը կսկսեն փտել». ԿԽՄԿ ղեկավարը՝ ԼՂ-ում որոնողական աշխատանքների բարդությունների մասին

Այժմ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կողմերն իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում զոհվածների դիերի որոնողական աշխատանքներ են իրականացնում, սակայն շփման գծի երկայնքով, որտեղ մարտեր են ընթացել ու ականներ պայթել, դժվար է մարմիններ գտնելը:

Այդ մասին rbc-ի հետ զրույցում ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Պետեր Մաուրերը՝ մանրամասնելով, որ այդ գործում ԿԽՄԿ-ն հանդես է գալիս որպես փորձագետ, որը գործում է տասնամյակների ընթացքում մշակած ընթացակարգերով՝ մարմիններն առավելագույն արժանապատվությամբ դուրս բերելու, նրանց նույնականացնելու և հարազատներին փոխանցելու:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը նախազգուշացրել է ռազմադաշտից դիակների դուրս չբերելու հետևանքով բնապահպանական աղետի առկա վտանգի մասին, հնարավո՞ր է նման բան՝ ԿԽՄԿ ղեկավարն ասել է.

«Ամենատհաճ հետևանքները կարող են լինել: Կարող են լինել հողի աղտոտում: Եթե նախքան ձմեռը դիերը չհայտնաբերվեն՝ կարող է նույնականացման հետ կապված բարդություններ լինեն: Որովհետև, հավանական է, որ եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը դիերը կսկսեն փտել: Մենք անցյալի փորձից գիտենք, որ եթե արագ չգործենք՝ պարզապես կբարդացնենք անհայտ կորած մարդկանց մասին հետագա քննարկումները: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ պատերազմն ավարտվել էր 28 տարի առաջ, բայց մեր ցուցակներում դեռ կան 4500 անհայտ կորածներ»:

Մաուրերը միաժամանակ նշել է, որ այժմ Կարմիր խաչը պատրաստվում է Ղարաբաղում իր աշխատակիցների թիվը մեծացնել:

«Մեր ներկայությունը չորս անգամ կմեծացնենք: Բավականին քիչ մարդիկ ենք ունեցել այնտեղ: Այժմ ծրագրում ենք հավելյալ 400-500 մարդ ուղարկել այդ տարածաշրջան»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ հատկացվող ֆինանսավորումը նույնպես ավելացվել է՝ 11 միլիոնից հասցվելով 49,4 միլիոն դոլարի:

Նշենք՝ նոյեմբերի 21-ի դրությամբ նոյեմբերի 13-ից մեկնարկած անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Համաձայն՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության՝ գործընթացն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը նախօրեին տարածած հայտարարությամբ հորդորել է ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարել իրենց՝ 010 297415 հեռախոսահամարով, իսկ անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար՝ դիմել ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Лента

Рекомендуем посмотреть