ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս զոհված և վիրավորված ռուս օդաչուները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով․ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 3 զինծառայողներին՝ Յուրի Վիկտորի ԻՇՉՈՒԿԻՆ՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու), Ռոման Վասիլիի ՖԵԴԻՆԻՆ՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու), Վլադիսլավ Սերգեյի ԳՐՅԱԶԻՆԻՆ՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ, Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Հիշեցնենք՝ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող Ռուսաստանի զինված ուժերի Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի վերոնշյալ 2 անդամը զոհվել, մեկը՝ վիրավորվել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրթիռային կայանքի կիրառմամբ խոցման հետևանքով։
Պաշտոնական Բաքուն հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները, և ներողություն է հայցել Մոսկվայից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը կստանա համարժեք արձագանք։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել էր, որ ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս զոհված ռուս օդաչուները կներկայացվեն ՀՀ պետական պարգևների։