«Հայաստան» հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի միջոցներից օժանդակություն է տրամադրվել ՀՀ բյուջեին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստան» հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի միջոցներից օժանդակություն է տրամադրվել ՀՀ բյուջեին

2020-11-18 17:15 , Экономика, финансы, 1804

«Հայաստան» հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի միջոցներից օժանդակություն է տրամադրվել ՀՀ բյուջեին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին։

Այդ մասին տեղեկանում ենք Հիմնադրամի պաշտոնական կայքից։

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է․

««Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքը նախաձեռնվել է միասնական որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին իսկ ժամերից։ Դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաև Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և այլոք։ Համազգային դրամահավաքի մեջ ներգրավվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Անգնահատելի է նաև Սփյուռքի՝ դրամահավաքի գործընթացներում ընդգրկված բոլոր կառույցների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի աշխարհի տարբեր երկներում գործող տեղական կառույցների դերը։ Խորին շնորհակալություն ենք հայտնում համայն հայությանը՝ համախմբվածության, նվիրվածության, ներգրավվածության և վստահության համար։

Հիմնադրամը և իր միջազգային ցանցը, առաջին իսկ օրվանից ուղիղ աշխատելով Արցախի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների հետ, շարունակական մեծածավալ օգնություն է ցուցաբերել Արցախին։ Խոսքը դիզելային գեներատորների, շտապ օգնության մեքենաների, բժշկական սարքավորումների ու առաջին օգնության պարագաների, կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, փայտի վառարանների, հոսանքի տաքացուցիչների, շարժական գազօջախների, շարժական լիցքավորման կայանների, մահճակալների և այլ տարատեսակ հսկայական օգնության մասին է, որն ընդհանուր առմամբ ուղղված է եղել պատերազմի ընթացքում հումանիտար ճգնաժամը մեղմելուն։ Միևնույն ժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն:

Ելնելով սթ սեպտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակից, անհրաժեշտություն առաջացավ առավելագույնս համախմբել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ռեսուրսները՝ հասցվող վնասների արագ վերականգնման և խիստ անհրաժեշտ հրատապ գնումների կենտրոնացված կատարման նպատակով (այդ թվում՝ բազմաթիվ ենթակառուցվածքներին ու առողջապահական համակարգերին պատճառվող վնասներ, սոցիալական տարաբնույթ խնդիրներ կապված Արցախից տեղահանվածների հետ, ինչպես նաև ահագնացող համավարակ և այլն): Նշված աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու տեսանկյունից կարևոր էր ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսների համախմբումը:

Այս շրջանակներում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում որոշակի օժանդակություն տալ Հայաստանի Հանրապետության բյուջեին՝ նույնանպատակ ծախսերի (սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքներ և այլն) իրականացման գործընթացը մեկտեղելու նպատակով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է համապատասխան որոշումներ, որոնց հիման վրա հիմնադրամի կողմից տրամադրված օժանդակությունն ունի համապատասխան հիմնավորված փաստաթղթավորումը։

Գումարներն ուղղվել են Արցախից տեղահանված տասնյակ հազարավոր հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև առողջապահական, սոցիալական, ենթակառուցվածների և այլ կարևոր ոլորտների ֆինանսավորմանը։

Համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի գործադիր վարչությունը մանրամասն հաշվետվություն է պատրաստում իր գործունեության և ծախսերի վերաբերյալ, որը կվերանայվի հիմնադրամի Վերստուգիչ հանձնաժողովի կողմից և կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն աուդիտորական ուսումնասիրությունից հետո՝ միջազգային հեղինակություն ունեցող անկախ աուդիտորի եզրակացության հետ մեկտեղ:

Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ նվիրատուների միջոցները ծախսել խնայողաբար, արդյունավետ և նպատակային, մնացյալ գումարները ևս կուղղվեն Արցախից տեղահանվածների, զոհվածների ու վիրավորների ընտանիքների, ինչպես նաև Արցախ վերադարձող ընտանիքների բազմապիսի կարիքների բավարարմանը (կոմունալ ծախսեր, վերակառուցման աշխատանքներ, կորսված գույքի մասնակի հատուցումներ, նպաստներ և այլն), ինչն այս պահին կարևորագույն առաջնահերթություն է։ Այս ուղղությամբ արդեն իսկ մշակվում են մանրամասն ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ։

Հիմնադրամը, լինելով ապաքաղաքական բարեսիրական կառույց, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և այլ հանրօգուտ նպատակներ, շարունակելու է գործել համաձայն իր առաքելության ու կանոնադրական նպատակների՝ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի։ Կարիքները հսկայական են, գործն անասելի շատ, ուստի համազգային մոբիլիզացիան է՛լ ավելի անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում մեր հայուր հազարավոր նվիրատուներին, բոլոր աջակիցներին, ովքեր կանգնեցին և շարունակում են կանգնել Հայրենիքի և արցախցու կողքին»։

Лента

Рекомендуем посмотреть