ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԱԳՆ անձնակազմին, հրաժեշտ տվել ու խստորեն հորդորել պահպանել հայկական պետական այդ կառույցը։
«Սիրելի գործընկերներ,
Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»,-ասել է նախարարը:
Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Զոհրաբ Մնացականյանը արտգործնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ ՀՀ նախագահը ստորագրել է ազատման հրամանագիրը։