Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը - RadioVan.fm

Онлайн

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը

2020-11-17 16:31 , Право, 1396

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն (ԱՀ ՄԻՊ) ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:

«Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով»,-ասված է Արցախի ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Ընդգծենք՝ քաղաքացիները գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված և նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած հայտարարությունից հետո, երբ Արցախում արդեն տեղակայվել են ռուս խաղաղապահ ուժեր։

Հավելենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչը նախօրեին հայտնել է, որ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Лента

Рекомендуем посмотреть