Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ այսօր, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:
«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:
Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»,-ասված է Արցախի նախագահի գրառման մեջ:
Նշենք՝ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր, 7։27-ի հաղորդագրության, երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։