Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կեսգիշերն անց կատարած գրառմամբ հայտնել է, որ հերթական ծանր օրն է ունեցել։
«Այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը՝ նշելով, որ այս օրերին մեծ ժամանակ է տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ սփոփելով նրանց ցավը և համատեղ փնտրելով նահատակներին։
Նշենք՝ ղարաբաղյան պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 13-ին: Նախօրեին էլ հաղորդվեց, որ սկսված են Շուշիի մերձակայքում զոհվածների և անհետ կորածների որոնողական աշխատանքները։
Փոխանակումն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: