Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։
Այդ մասին հայտնում է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը անհեթեթ է համարում:
Երեկ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է՝ իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:
ԱԱԾ-ն այնուհետ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր:
Համաձայն Արթուր Վանեցյանին առաջադրված մեղադրանքի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, նա, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նախկին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։
Արթուր Վանեցյանը պաշտպան Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ «ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»։
Հավելենք, որ վերոնշյալ արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։