Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ասպեկտները:
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել շփման գծում իրավիճակի բավականին հանգիստ լինելու ու հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ էլ՝ Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Ալիևի հետ հեռախոսազրույցում էլ, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման, հատուկ ուշադրություն է հրավիրվել եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին հանձնված տարածքներում գտնվող քրիստոնեական եկեղեցիներին ու վանքերին։
Այդ առումով ՌԴ նախագահն ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:
«Ադրբեջանի նախագահն այս առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ ադրբեջանական կողմը կգործի այդպես»,-փոխանցում է Կրեմլի կայքը:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, նրան որևէ վտանգ չի սպառնում, վանքում գտնվող մի քանի եկեղեցականներ շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները։