Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել 9-ը:
Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով բնակելի շինությունների և քաղաքացիական այլ օբյեկտների նկուղներում կամ տեղափոխվելով առավել անվտանգ վայրեր Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում: