Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն է իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:
«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահը :
Նշենք՝ երեկ Երևանի քաղաքապետը լուսանկար էր հրապարակել՝ հայտնելով, որ Արցախի հյուսիսարևելյան սահմանին են, «Երևան» ջոկատը և «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը։