Ելիսեյան պալատի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մակրոնը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նույն օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված՝ իր կողմից հրավիրված ժողովի մասին:
«Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ կառուցելու Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում»-ասված է Ելիսեյան պալատի հրապարակման մեջ։
Ի դեպ, Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում մինչ այս պահը Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան, ի գիտություն ընդունելով պատերազմի ավարտի վերաբերյալ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը և ուսումնասիրելով դրա պայմաններն ու հետևանքները, օրեր առաջ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում:
«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,-ասել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: