«Պատկերացրեք՝ Պրոսպեկտում դու ապրես, Մոնումենտում՝ թուրքը, ո՞նց կապրես։ Ոնց կարամ իմ 2 տարեկան տղա երեխուն տանեմ թուրքի բերանը պահեմ, չեմ կարա, չեմ տանի: Ուզում են հայաթափեն Ղարաբաղը ու առանց հայերի տան թուրքին»,-Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակից բազմաթիվ արցախցիներից Ստեփանակերտի բնակչուհին։
«Մենք քաղաքացիական պատերազմ չպետք է թույլ տանք, մեր գերխնդիրը պետականության պաշտպանությունը պետք է լինի, աթոռի համար կռիվ տվողներ, թողե´ք ձեր դավադիր մտքերը»,-հայտարարեց մեկ այլ մասնակից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը հրավիրված հանրահավաքում հայտարարեցին հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծման մասին։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այս պահին համայն հայության նպատակը Արցախը փրկելն է, որի համար կա մեկ գլխավոր խոչընդոտ, նրա անունը Նիկոլ է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հանրահավաքի կազմակերպիչները, որոնք պարբերաբար վանկարկում էին «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ դավաճան» ՀՀ վարչապետին պաշտոնից հրաժարական տալու համար մինչև կեսգիշեր՝ 24:00-ն ժամանակ են տվել:
Փաշինյանն ինքը, նշենք, այսօր առավոտյան, անդրադառնալով «իրեն վերագրվող ամենամեծ մեղքին՝ ստորագրած հայտնի փաստաթղթին», պարզաբանել է. «Ընկած էր Շուշին և կար ռեսուրսների առումով բավականին խնդրահարույց վիճակ: Եթե այդ փաստաթուղթը այդ պահին չստորագրվեր ու պատերազմը շարունակվեր՝ կար մեծ հավանականություն, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, ինչը շրջափակման մեջ կթողներ 1000-ավոր զինվորների»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նախօրեին հայտարարել էր, որ տվել է իր համաձայնությունը փաստաթղթի ստորագրմանը ստիպված՝ ամբողջ Արցախը չկորցնելու համար, քանի որ, ըստ նրա, կորցրել էինք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը հիմնականում, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան