Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցվել են իրենց զբաղեցրած սահմաններում: Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հրավիրված ճեպազրույցում ասել է երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը՝ նշելով, որ մարտական գործողությունների և հրադադարի դադարեցման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի տարածք և Լաչինի միջանցք է բերվում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ:
Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Սերգեյ Ռուդսկոյի ներկայացմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել 16 դիտակետ։
Ներկայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի հատվածում և Լիսոգորսկի պետական գյուղատնտեսական ֆերմայի մոտ ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:
«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները «Էրեբունի» օդանավակայանում բեռնաթափվելուց հետո կատարել են երեք հարյուր կիլոմետրանոց երթ և ավարտում են կենտրոնացումը Գորիս բնակավայրի տարածքում: Այս տարվա նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ»,-ասաց ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետը՝ նշելով, որ ստեղծվել են ուղիղ կապուղիներ, խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գործընթացի մանրամասները՝ տեսանյութում։