Երևանի Ազատության հրապարակից, որտեղ այսօր՝ 13:00-ին, 17 քաղաքական ուժեր հանրահավաք են հրավիրել, ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովին, ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, իրանագետ Վարդան Ոսկանյանին։
Նշենք՝ 17 քաղաքական ուժերը, որոնք են՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան»,«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «ազգադավ համաձայնագիր, մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ այսօրվա հանրահավաքում փորձելու են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։
ՀՀ ոստիկանությունը տարածած հայտարարությամբ հորդորել է զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։