«Ուզում եք Արցախը չլինի՞, Արցախը մեր դարպասն է։ Առանց Արցախ չկա Հայաստան, Առանց Հայաստան Արցախ չկա։ Իրականությանը նայեք», «Պահանջում ենք ժամ առաջ հրաժարվել ստորագրությունից՝ ժամ առաջ», «Արցախի սահմանին գտնվողինն է հայրենիքը՝ նրանք հող չունեն հանձնելու ոչ մեկին», «Ոչ մի զինվոր չի լքել իր դիրքը, ոչ մի հրամանատար չի լքել, բայց նրանց ծախել են»․ արցախցի կանայք Ազգային ժողովի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում պատերազմը լիակատար դադարեցնելու' կողմերի զբաղեցրած դիրքերում կանգ առնելու, խաղաղապահներ տեղակայելու և այլ պահանջների կատարման վերաբերյալ Պուտին-Ալիեև-Փաշինյան համատեղ ստորագրած հայտարարության առնչությամբ։
«Մատաղիսում թողել եմ տունս, 30 տարի ոչ մի պետություն չի ասել, Սոնա ջան, ոնց ես ապրում, ընտանիքդ ոնց է ապրում, որ հայրդ կուրացել է հայրենիքիդ համար, որ քեռիդ մահացել է հայրենիքիդ համար։ Ինքս իմ ջանքերով տուն եմ ստեղծել Ստեփանակերտում։ Ես այն երեխան եմ, որ անտուն ու անհայրենիք է մնացել»,-իր հերթին նշեց երիտասարդ գրող Սոնան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշումը կայացրել են ստիպված՝ ամբողջ Արցախը չկորցնելու համար, քանի որ, ըստ նրա, կորցրել ենք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութը հիմնականում, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։
Փաշինյանն էլ հայտարարել է, որ կան մանրամասներ, որոնց մասին այսօր չի կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար, ու, որ կխոսի օրեր հետո։
Հիշեցնենք՝ եռակողմ հայտարարության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին՝ 01:48-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառումից հետո՝ քաղաքացիները՝ բարկությամբ լի, հավաքվեցին կառավարության շենքի առջև՝ պահանջելով Փաշինյանից ներկայանալ ու պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ: Նրանք, միաժամանակ, կոտրելով կառավարության պատուհանները, ներս են մտել՝ փնտրելու նրան:
Քաղաքացիների մի մասը շարժվել է Ազգային ժողովի շենք, որի հարակից տարածքում էլ, ինչպես պարզ է դառնում համացանցում տարածված տեսանյութից, շաջափակում են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ծառայողական մեքենան, նրան դուրս են հանել մեքենայից, ծեծի ենթարկել՝ պահանջելով ասել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը։
Ցուցարարները ողջ գիշեր և այս պահին ևս` նշյալ գերատեսչությունների շենքերի առջև են:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան