Բազմաթիվ քաղաքացիներ, մտնելով Ազգային ժողովի շենք, պահանջում են իշխանական պատգամավորներին ներկայանալ, գումարել նիստ և չեղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև ստորագրած հայտարարությունը, ըստ որի՝ նոյեմբերի 10-ին, ժամը 01:00-ից Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում:
Համաձայն հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում, Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։ Արդեն հաղոդվել է, որ Ուլյանովսկից «Իլ -76» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում:
Հայտարարության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին՝ 01:48-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառումից հետո՝ քաղաքացիները՝ բարկությամբ լի, հավաքվեցին կառավարության շենքի առջև՝ պահանջելով Փաշինյանից ներկայանալ ու պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ: Նրանք, միաժամանակ, կոտրելով կառավարության պատուհանները, ներս են մտել՝ փնտրելու նրան:
Քաղաքացիների մի մասը շարժվել է Ազգային ժողովի շենք, որի հարակից տարածքում էլ, ինչպես պարզ է դառնում համացանցում տարածված տեսանյութից, շաջափակում են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ծառայողական մեքենան, նրան դուրս են հանել մեքենայից, ծեծի ենթարկել՝ պահանջելով ասել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը։
Ցուցարարները ողջ գիշեր և այս պահին ևս` նշյալ գերատեսչությունների շենքերի առջև են: