Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովրդին ուղերձ է հղել՝ հորդորելով ամուր պահել թիկունքը, իսկ իշխանություններին՝ անհապաղ հիմնավոր և սպառիչ պատասխան ներկայացնել կայացված որոշումների և երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վրա:
«Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից»,-ասված է Գարեգին Երկրորդի ուղերձում, որի տեսագրությունը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում: