«Չենք տալու», «Պատասխան եք տալու մեր որդիների կորուստների համար». քաղաքացիները կառավարության շենքի առջև են - RadioVan.fm

Онлайн

«Չենք տալու», «Պատասխան եք տալու մեր որդիների կորուստների համար». քաղաքացիները կառավարության շենքի առջև են

2020-11-10 04:53 , Общество, 1906

«Չենք տալու», «Պատասխան եք տալու մեր որդիների կորուստների համար». քաղաքացիները կառավարության շենքի առջև են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրած հայտարարությունից հետո՝ տասնյակ քաղաքացիներ լի բարկությամբ՝ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ:

«Չենք տալու», «չենք տալու»... բղավում են նրանք՝ պահանջելով Փաշինյանին դուրս գալ ու հենց հրապարակում պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ:

«Չենք ներելու», «Նա պատասխան է տալու մեր որդիների կորուստների համար»՝ բարձրաձայնում են քաղաքացիները:

Նրանցից մի քանիսը, կոտրելով կառավարության շենքի պատուհանները, Նիկոլ Փաշինյանին գտնելու նպատակով ներս մտան, բայց սենյակից-սենյակ շրջելով ու չգտնելով՝ դուրս եկան:

Քաղաքացիները, որոնց շարքերը համալրվում են, տարածքից հեռանալ չեն պատրաստվում:

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 01:48-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ անձամբ իր և բոլորիս համար «ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել», Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,-նշել է նա:

Ֆեյսբուքյան գրառմամբ հանդես է եկել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ «հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Մինչդեռ, հատուկ ելույթով է հանդես եկել Ռուսաստանի նախագահը՝ հնչեցնելով Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության տեքստը, ըստ որի դադարեցվում են պատերազմական գործողությունները, Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Лента

Рекомендуем посмотреть